Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեն Սիմոնյանի եւ Էդուարդ Աղաջանյանի հեղինակած օրենսդրական նախաձեռնությամբ նախատեսվում է նվազեցնել արհեստական խցանումները

Հուլիս 02,2025 16:36

Միայն երկու ավտոտրանսպորտային միջոցների մասնակցությամբ պատահարի պահից քսան րոպեների ընթացքում ճանապարհատրանսպորտային պատահարին առնչություն ունեցող վարորդները պարտավոր են թողնել պատահարի վայրը եւ ավտոտրանսպորտային միջոցը տեղափոխել օրենքով չարգելված այլ վայր, եթե ավտոտրանսպորտային միջոցը պատահարի հետեւանքով չունի այնպիսի տեխնիկական անսարքություն, որի առկայության դեպքում արգելվում է դրա շահագործումը: Այս մասին ասել է պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը՝ ներկայացնելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

Պատգամավորներ Ալեն Սիմոնյանի եւ Էդուարդ Աղաջանյանի հեղինակած օրենսդրական նախաձեռնությունն առաջին ընթերցմամբ քննարկվել է հուլիսի 2-ի` Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում:

«Առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է օրենսդրական բարեփոխման արդյունքում օժանդակել արհեստական խցանումների առաջացման ռիսկերի նվազեցմանը՝ հաշվի առնելով դրանց հետեւանքով առաջացող, հաճախ ժամեր տեւող խցանումները, որոնք իրենց հերթին ունենում են անասելի բացասական թե՛ տնտեսական եւ թե՛ առողջապահական հետեւանքներ մեր քաղաքացիների համար»,- նշել է հիմնական զեկուցողը:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածն առաջարկվում է լրացնել հետեւյալ բովանդակությամբ. «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 19 հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերում, երբ լրացվում է համաձայնեցված հայտարարագիրը, միայն երկու ավտոտրանսպորտային միջոցների մասնակցությամբ պատահարի պահից քսան րոպեների ընթացքում պատահարի վայրը չթողնելը եւ ավտոտրանսպորտային միջոցն օրենքով չարգելված այլ վայր չտեղափոխելը, եթե ավտոտրանսպորտային միջոցը պատահարի հետեւանքով չունի այնպիսի տեխնիկական անսարքություն, որի առկայության դեպքում արգելվում է դրա շահագործումը, առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով»:

Էդուարդ Աղաջանյանի ներկայացմամբ օրենքների նախագծերի փաթեթը վերաբերելի է միայն երկու ավտոտրանսպորտային միջոցների մասնակցությամբ պատահարներին, երբ առկա է միայն գույքային վնաս, եւ կողմերն ունեն համաձայնություն մեղավորության վերաբերյալ: Նա մանրամասն ներկայացրել է նախագծի վերաբերյալ բազմաթիվ քննարկումներում արծարծված հարցերը, ASWA հավելվածի բովանդակային եւ տեխնիկական լավարկման, նույնականացման համակարգի ներդրման գործընթացը: Հիմնական զեկուցողը տեղեկացրել է, որ 2026 թվականի հունվարի 1-ից, երբ նոր համակարգը կսկսի գործել, կվերանայվի առաջարկվող փոփոխությունը եւ սահմանվող ժամանակահատվածը կլինի առավելագույնը 5-ից 10 րոպե:

Էդուարդ Աղաջանյանը պատասխանել է պատգամավորների հարցերին՝ ներկայացնելով պարզաբանումներ վնասի՝ տեղում գնահատման մեխանիզմների, վթարված ավտոմեքենայի շահագործման թույլտվության վերաբերյալ: Նա եւս մեկ անգամ շեշտել է, որ նախագծերի փաթեթի ընդունումից հետո էապես կբեռնաթափվեն փողոցները:

Գլխադասային՝ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը նախագծի վերաբերյալ ներկայացրել է հանձնաժողովի անդամ Քրիստինե Պողոսյանը:

Հարակից զեկուցող, ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը տեղեկացրել է, որ Կառավարությունը դրական եզրակացություն է տվել օրենսդրական նախաձեռնությանը: Նշվել է, որ նախագծերի փաթեթի ընդունմամբ կբեռնաթափվի երթեւեկությունը խցանումներից, ինչպես նաեւ ակնկալվում է, որ կգրանցվի ճանապարհատրանսպորտային պատահարների նվազում:

Ելույթներում պատգամավորները կարեւորել են նախագծի ընդունման անհրաժեշտությունը:

Խորհրդարանը քվեարկություններով ընդունել է նախորդ օրը քննարկված օրենսդրական նախաձեռնությունները:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  
OSZAR »